«2008 թվականի տարբերակը չպետք է կրկնվի»

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ում հետ ևս «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր երեկ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ էական տարաձայնություն հանդիպման ընթացքում չի հնչել, ընդհակառակը՝ հանդիպումն անցել է փոխադարձ վստահության մթնոլորտում:

«Հանդիպումը կարևոր էր, որովհետև քննարկվում էր  այս ժողովրդային ընդվզման և շարժման պայմաններում իրավիճակի գնահատականը: Բնականաբար, տեղի ունեցավ տեսակետների փոխանակում, և «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները վերստին վերահաստատեցին իրենց այն մոտեցումը, որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն հնարավոր է՝ այլընտրանքային համակարգի ձևավորմամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Հարցին, թե հանդիպման ընթացքում չի՞ խոսվել արդյոք այլ քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ հանդիպման անհրաժեշտության մասին, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը պատասխանել է, որ անցած օրերի իրադարձությունների մասին խոսվել է, և իրենք հայտնել են իրենց այն տեսակետը, որ քաղաքական  սնանկացած դաշտի ներկայացուցիչներից, հատկապես՝ օլիգարխներից , որևիցե  հույս կամ սպասելիք ունենալ պետք չէ: Ալեք Ենիգոմշյանը, սակայն, ասել է նաև, որ իրենք կոնկրետ կուսակցության կամ կոնկրետ որևէ ուժի չեն նշել: «Մեր խոսքն ուղղված չէ հատուկ ուժերի, դա կարող է յուրաքանչյուր դասական սնանկացած քաղաքական դաշտի ներկայացուցիչների վերաբերել»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսել է իրենց այն մոտեցումը, որ  հիմնական աշխատանքը պետք է կատարվի  քաղաքացիական դաշտի հետ: Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա ծրագրերից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նկատել է, որ վերջինս ունի իր հաջորդական քայլերի պատկերացումը, և կարևորն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացառում է  2008թ. սցենարի կրկնությունը:  «Մենք գտնում ենք, որ 2008թ. տարբերակը չպետք է  կրկնվի: Այս օրերին ռազմավարությունը և մարտավարությունն այլ ուղությամբ պետք է գնա և ոչ բախման»,- եզրափակել է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս