Տիգրան Խզմալյանը` Շուշան Պետրոսյանին. «Ընդունեք իմ կարեկցանքը»

Անվանի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի` «Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հարցին:

««Դժվա՞ր չէ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրոում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը

Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը:

Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, և այս ամենը նույնպես պաշտունական տվյալներով: Որտեղ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված իսկ պետական աշխատանքի հիմանական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Որտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են հեռուսատեսային աղբով ու օտարածին կլկլոցով:

Դժվար է այս պայմաններում չլինել ընդդիմադիր: Եվ անհնար է հաշտվել այս խայտառակության հետ, եթե ունես մարդկային ու ազգային արժանապատվություն: և անհնար է արվեստով զբաղվել, ձևանալով, որ ամեն ինչ ճիշտ է և այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին: Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ: Ընդունեք իմ կարեկցանքը»,- գրել է Տիգրան Խզմալյանը:

Տեսանյութեր

Լրահոս