Փականագործը դատապարտվեց պղնձե թափոնի գողության համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, «Մեխ-Նորոգում» ՍՊ ընկերության փականագործ Զոհրապ Հակոբյանին պղնձե թափոնի գողության համար դատապարտեց տուգանքի ` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000 ՀՀ դրամի չափով:
Ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, Զոհրապ Հակոբյանը՝ «տեղյակ լինելով Քաջարան քաղաքում գտնվող «Կաչկար» ՍՊ ընկերության արտադրամասում պղնձե թափոն լինելու մասին 2012 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում տանիքի օդափոխիչի անցքով պարանի միջոցով ապօրինի մուտք է գործել նշված արտադրամաս և գողացել խոշոր չափի` 1 144 650 դրամ արժողության 585 կգ պղնձե թափոն»: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն:
Դատաքննության ընթացքում, սակայն, մեղադրողի կողմից Զոհրապ Հակոբյանին առաջադրված վերոհիշյալ մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-rդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն՝ արտադրամասից 125.775 ՀՀ դրամ արժողության 64.5 կգ պղնձե թափոն գողանալու համար:
Զոհրապ Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքում և ցուցմունք տվել, որ պղնձե թափոնը գողացել է նյութական ծանր վիճակից ելնելով: 2012 թվականի նոյեմբերի 1-ին նշված թափոնից մոտ 30 կիլոգրամը իր ավտոմեքենայով փորձել է վաճառելու նպատակով տեղափոխել գունավոր մետաղների ընդունման կետ, սակայն այն հայտնաբերվել է ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից: Ըստ ամբաստանյալի, որ ինքը գողացել է ընդամենը հայտնաբերված 64,5 կիլոգրամ պղնձե թափոնը և դրանից որևէ մեկին չի վաճառել ու չի տվել:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված և տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Ղազարյանին ի պահ հանձնված 64.5 կգ պղնձե թափոնը կվերադարձվի «Կաչկար» ՍՊ ընկերությանը:



