«Ես քեզ սիրում եմ, այս խոսքերը, ասում եմ քեզ իմ Երևան». Ռուբեն Հախվերդյանը երգեց Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած  հանրահավաքին կրկին ելույթ ունեցավ հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով ընտրություններից անմիջապես հետո միացել էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած ընդդիմադիր ընտրազանգվածին: Սակայն այս անգամ Հախվերդյանը ոչ թե խոսեց, այլ երգեց` կատարելով իր ամենասիրված երգերից մի քանիսը` «Ծեր գնչուհին», «Սա Երևանն է», «Բարի լույս, տիկին Արուս», և այլն: Իսկ իր երգերը Ռուբեն Հախվերդյանը ժամանակ առ ժամանակ ընդմիջում էր մեկնաբանություններով` ինչպես հաճախ է անում, անողոք քննադատելով ներկայիս  վարքուբարքերը և իշխանություններին:

«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ մեզ կողոպտող կառավարիչների պատճառով: Ես հասկանում եմ, որ մենք ազատագրեցինք Ղարաբաղը, որովհետև թուրքերը կողոպտում ու կեղեքում էին մեզ: Հիմա ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների և էս կողոպտիչների միջև»,- ասաց Հախվերդյանը:

Ի դեպ, «Լավագույն տղերքը» երգից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կանգնած էր Ռուբեն Հախվերդյանի կողքին, մոտեցավ խոսափողին և կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ռուբենը նոր երգ պիտի գրի, որտեղ Հայաստանի սիրահարները մնացին և էլի պիտի վերադառնան», ինչին ի պատասխան՝ Հախվերդյանը ոչ պակաս հումորով նկատեց. «Ես դրա մասին գրած երգ ունեմ, ուղղակի այդ երգը շատ երկար է այսօրվա համար»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս