Ծառուկյանը Արսենյանին առաջարկել է մտնել ԲՀԿ

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի խորհրդի ընտրությունների համար ԲՀԿ-ն ունի առաջին համարի երեք թեկնածու՝ Գուրգեն Արսենյան, Վարդան Օսկանյան և Նաիրա Զոհրաբյան: Տեղեկացրել էինք նաև, որ Գուրգեն Արսենյանի տարբերակը ԲՀԿ-ում բացառում են, քանի որ նա ԲՀԿ անդամ չէ, այլ ՄԱԿ՝ Միավորված աշխատանքի կուսակցության նախագահ:

Այսօր 168.am-ը նոր տեղեկություններ ստացավ, որ Գուրգեն Արսենյանն, այնուամենայնիվ, կարող է լինել ԲՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու, բայց չլինել կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը:

168.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գուրգեն Արսենյանին առաջարկել է գլխավորել ԲՀԿ համամասնական ցուցակը, պայմանով, որ Արսենյանը դառնա ԲՀԿ անդամ: Սակայն Արսենյանը մերժել է այս առաջարկը, պատճառաբանելով, որ ինքն այլ կուսակցության նախագահ է, և պատասխանատվություն ունի իր կուսակիցների առաջ, և այդ քայլով անհեթեթ վիճակում կհայտնվեն և՛ ինքը, և՛ իր կուսակիցները:

Իհարկե, դա ամենին էլ չի նշանակում, որ Գուրգեն Արսենյանը հրաժարվել է Երևանի քաղաքապետ ընտրվելու հավակնությունից: Նա առաջարկել է, որ Երևանի խորհրդի ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորի ԲՀԿ-ի որևէ անդամ, իսկ ինքը լինի երկրորդ համարը: Բայց եթե ԲՀԿ-ն հաղթի ընտրություններում, քաղաքապետ դառնա ոչ թե առաջին համարը, այլ երկրորդը:

Ի վերջո, քաղաքապետ դառնում են ոչ թե ցուցակում զբաղեցրած տեղի համաձայն, այլ խորհրդի անդամների քվեարկությամբ: Իսկ խորհրդի անդամները կարող են քաղաքապետ առաջադրել և ընտրել ավելի ցածր հորիզոնականներում գտնվող գործիչների:

Բայց այս տարբերակն էլ, կարծես թե, ԲՀԿ-ականների սրտով չէ: Նրանք ասում են, թե՝ ո՞վ պետք է լինի այն հիմարը, ով լինելով առաջին համարը, այսինքն՝ կուսակցության դեմքն ընտրություններում, հաղթանակից հետո հրաժարվի քաղաքապետի պաշտոնից:

Ամենակարևոր հարցը, որ հուզում է ԲՀԿ-ականներին, այլ է. արդյոք ԲՀԿ-ն Երևանի խորհրդի ընտրություններում մասնակցելու է իրակա՞ն հաղթանակի, թե՞ մասնակցության իմիտացիա ստեղծելու համար: Ըստ ԲՀԿ-ականների՝ 2009թ. Երևանի խորհրդի ընտրություններին իրենք մասնակցել են իմիտացիա անելու համար, քանի որ ի սկզբանե որոշված էր, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ինն է:

Հիմա կոալիցիա չկա, բայց ՀՀԿ-ԲՀԿ որոշակի պայմանավորվածություններ առկա են: Եվ, եթե ըստ այդ պայմանավորվածության՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձյալ բաժին է հասել ՀՀԿ-ին, անիմաստ է քննարկել, թե ով կլինի առաջինը, իսկ ով՝ վերջինը:

Տեսանյութեր

Լրահոս