Սասուն Միքայելյանը՝ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի մասին

Իշխանափոխությանն ուղղված բոլոր միջոցներն այսօր արդարացված են, որովհետև ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դուրս եկել պայքարի, այլև ժողովուրդը, ժողովուրդն է ըմբոստացել: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում երեկ ասել է ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցող շարժումը կհասնի՞ իր նպատակին, թե՞ ոչ:
Սասուն Միքայելյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարը երկարատև է լինելու, բայցև միաժամանակ վստահեցնում է, որ ժողովուրդը երկարատև պայքարից չի հոգնելու. «Մի հուսահատվեք: Հույսներդ մի կորցրեք: Ժողովուրդը չի կարող, հնարավորություն էլ չունի հիասթափվելու»: Հարցին, թե Սասուն Միքայելյանը կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, թե՞ ոչ, ՀԱԿ անդամը պատասխանել է. «Չեմ մասնակցել նախորդ հանրահավաքներին, որովհետև վիրահատություն եմ տարել, բայց ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է. պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է»:
ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի վերանվանման` Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման մասին հարցին, սակայն, Ս. Միքայելյանը նախընտրել է չպատասխանել։ «Առանց մեկնաբանության»,- ասել է նա: Ապա, թե` «Իրենք իրենց պայքարն են տանում, այդ ձևով են ցանկանում շարունակել պայքարել: Ի՞նչ ասեմ»:
Հարցին, թե արդյոք վիրավորական չէ՞ր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե 2000-2007 թվականները եղել են ՀՀՇ-ի գործունեության խայտառակ ժամանակաշրջանները, և, որ ՀՀՇ-ն վերածվել էր «գեղի կլուբի կամ լավագույն դեպքում` աղանդի», Ս. Միքայելյանը պատասխանել է. «Այդ հարցը տվեք իրենց»:

Տեսանյութեր

Լրահոս