 
                        ՍԴ-ի նախորդ փորձերը նախադեպ չե՞ն
 
                                    «Սահմանադրական դատարանն առաջանորդվում է կոնկրետ «Սահմանադրական դատարանի» մասին օրենքով և ոչ թե՝ նախադեպային իրավունքով, որ նախորդ փորձերը նախադեպային դառնան: Կարող է՝ 100 փորձ այլ կերպ լինի, 101 փորձը` այլ լինի, դա կախված է նրանից, թե ինչպիսի հիմքեր կան, և համապատասխան այդ հիմքերի՝ ինչ որոշում կընդունվի»,- 168.am-ին ասաց «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները վիճարկելու հիմքով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կընդունվի այսօրվա հանրահավաքի ընթացքում` ժողովրդի հետ քննարկելու արդյունքում:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը մեզ հետ զրույցում չցանկացավ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի Ազատության հրապարակում, և անգամ ՍԴ դիմելու պարագայում` ինչպիսի հաջողություն կարելի է ակնկալել: «Անկեղծ ասած, ես չէի ուզենա պրոցեսները դեռ չսկսած քաղաքականացնել: Դատարանը կքննարկի, և համապատասխան հիմքերի դեպքում կոնկրետ որոշում կկայացվի: Այս պահին մեկնաբանել` ինչ կլինի, արդյունավետ է, արդյունավետ չէ , ինձ վրա նման անշնորհակալ գործ չեմ ուզում վերցնել»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        