Րաֆֆին աբսուրդ բան է ասել
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը
– Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե` «Մարտի 1-ը մինչև հիմա չի լուծվել, և Դատախազություն պետք է հրավիրվեն բոլոր երեք նախագահները` պատասխան տալու համար»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:
– Աբսուրդ եմ համարում: Երբ մի կողմում ժողովուրդն է, մեկ ընդդիմություն, որը կազմակերպում է խաղաղ հանրահավաքներ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, իսկ մյուս կողմում՝ բռնապետական ռեժիմն է, որն ապօրինաբար հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա ու օգտագործելով հրազեն՝ մարդ է սպանում, ուրեմն հստակ պետք է կողմնորոշվես` ո՞ւմ կողմից ես: Ժողովրդի մեծամասնությունը կողմնորոշվել է այս հարցում ու գիտի, որ միակ մեղավորն այն ռեժիմն է, որը տիրում էր 2008թ.` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ուզում եմ նայել շեշտել, որ այսօրվա պատարագի կազմակերպմամբ մենք ցանկություն ունենք հետագայում բացառել նմանատիպ ողբերգությունների կրկնությունը: Նա, ով ցանկանում է, որ ապագայում բացառվեն նմանատիպ դեպքերը, պետք է շատ հստակ լինի իր գնահատականների մեջ: Հենց սկսում են պատասխանատվությունը լղոզել, ռեժիմից բացի` այլ մեղավոր փնտրել, դառնում են ահավոր ուղերձի հեղինակ: Նման բան չի կարելի անել:
– Պարոն Զուրաբյան, գործի բացահայտմանն ուղղված քայլեր այս հինգ տարիների ընթացքում իրականացվե՞լ են, թե՞ գործը փակուղի է մտել:
– Հինգ տարի է` բացարձակ պարտակմամբ են զբաղվել: Մեր ճնշման շնորհիվ` ստեղծված Փաստահավաք խումբը մեծ մասամբ բացահայտեց պարտակման փաստերը, բայց ավելին չկարողացան անել, որովհետև Սերժ Սարգսյանը, տեսնելով, թե ի՛նչ խայտառակ ընթացք է ձեռք բերում Փաստահավաք խմբի աշխատանքը, ցրեց խումբը: Բայց, միևնույն է. մենք տեր ենք, այս հանցագործությունները բացահայտելու ենք: ՀԱԿ-ը, համենայնդեպս, հանցագործության բացահայտման ու զոհերի, վիրավորների ընտանիքների փոխհատուցման հարցը մշտապես պահելու է իր օրակարգում: Հասկացեք, եթե ընդամենը կատարեն ԵԽ ԽՎ այն պահանջը, որ բացահայտվի հրամանի շղթան, պարզ կլինի, որ հանցագործություններ կատարողները` կրակողները, ստացել են կոնկրետ հրաման, և այդ հրամանի շղթան ուղիղ տանելու է մինչև Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան շղթան: Բնականաբար, մինչև այս ռեժիմը պահպանում է իր իշխանությունը, որևէ մեկը չի պատժվի:
– ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի` Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ներկայացրած նախագիծն իրականություն կդառնա՞:
– Այս նախագիծը նպատակ ունի խորհրդարանական բաց քննարկման միջոցով բացահայտել պառակտման, կոծկման գործընթացն իշխանությունների կողմից: Իշխանությունը, փաստորեն, խոստացել է, որ պատրաստ են բաց քննարկման: Թող տեր կանգնեն իրենց սեփական խոստմանը, մենք էլ փորձենք խորհրդարանական քննարկումների միջոցով բացահայտել, թե ինչպե՞ս է կոծկվել գործընթացը:
– Հայ ազգային կոնգրեսը որոշում ունի՞ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
– Զուտ քաղաքական առումով այս հարցի շուրջ մենք անգամ քննարկումներ չենք սկսել, որևէ որոշում չունենք: Այո, ժամկետը սեղմ է մինչև վերջնական որոշում, բայց շատ ավելի կարևոր գործեր են եղել այս ժամանակահատվածում: Դեռ ժամանակ կա կողմնորոշվելու համար: