
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում. հիվանդանոց են տեղափոխվել Ոստիկանության ակադեմիայի կուրսանտներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Կառլեն Միրզոյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 28 ՍԼ 916, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 63-ամյա Վագիս Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՍՍ 690 և «Լադա Սենս» մակնիշի 13 ՍՕ 385 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց և «Լադա Սենս» մակնիշի վարորդի ինքնությունը:
Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Լադա Սենս» մակնիշի ավտոմեքենան վարել է ոստիկանության ակադեմիայի կուրսանտ, որի մեջ եղել են այլ կուրսանտներ ևս, և հենց նրանք են հիվանդանոց տեղափոխվածները: