Որ ճանապարհով կգնա ԲՀԿ-ն. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները` մարտի առաջին օրերին տեղի է ունենալու ԲՀԿ ֆրակցիայի և քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը, որը, վերջիններիս գնահատմամբ, լինելու է պատմական այն առումով, որ այդ նիստում վերջնականապես որոշվելու է, թե ուր է գնում ԲՀԿ-ն ու ում հետ, ըստ այդմ էլ որոշվելու է` ԲՀԿ-ն շնորհավորո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:
Նիստում քննարկվելու է նաև Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը, ինչպես նաև հարցը, թե ով է ղեկավարելու ցուցակը: «Կա մի քանի պլատֆորմ, որոնք արդեն ներկայացվել են ԲՀԿ առաջնորդին,- տեղեկացրեց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ականը: — Անորոշությունը բերել է նրան, որ ամենամեծ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերից մեկն այսօր վերածվել է ՀՀԿ-ի բուֆերի, կորցրել է իր վստահությունը. արդեն թևավոր արտահայտություն է դարձել` էդ ո՞նց էր, որ Ծառուկյանն ասում էր` ամեն ինչ կկորցնեմ, բացի ժողովրդի վստահությունից:
Ամեն ինչ չկորցրեց, բացի ժողովրդի վստահությունից. այս վիճակը, որ մեզնից բուտերբրոդ էին ցանկանում պատրաստել, առջևում` ՀՀԿ-ն, հետևում` Րաֆֆին, մեջտեղում` մենք, կյանքի էին ուզում կոչել դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մենք չհամաձայնեցինք, հիմա, փաստորեն, ստացվեց: Մարտի 5-ին մենք ուզում ենք, որ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայն ասի, թե ինչ է ինքն ուզում, և արդյո՞ք դա մեր ուզածն է, թե՞ ոչ»:
Ձեր համարձակությունը կների՞ այդքանը նրան ասել՝ հարցրինք մեր զրուցակցին: «Այդ պլատֆորմներն արդեն իսկ ներկայացվել են նրան. եթե հայտարարում ենք, որ ընդդիմություն ենք, և միանում ենք Րաֆֆիին, ապա դիմացը քաղաքական գործընթաց է՝ Երևանի ընտրություններ, այդ դեպքում միանում ենք ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի հետ ևս, դառնում բևեռ, գնում ենք ընտրությունների, վերցնում քաղաքապետի պաշտոնը. Հանրապետականից բացի, ով հաղթեց Երևանի ընտրություններում, Հանրապետականի հետ կազմում է նոր` համապետական կոալիցիա, այլապես մեծ կռիվ է առաջանալու հանրապետության կես բնակչությունն իր մեջ ամփոփած Երևանի և մնացածների միջև, և սկսելու են միմյանց դեմ աշխատել:
Սա սեփական դեմքը պահելու տարբերակ է, որն էլ հետագայում կապահովի մյուս քաղաքական փուլերին մեր մասնակցությունը: Սակայն չենք բացառում, որ հնարավոր է նաև Ծառուկյանը հայտարարի, որ այսօր ենք գնում կոալիցիա կազմելու, պետք է ասվի` ինչու և ինչպես, որովհետև այդ դեպքում արդեն մեզ համար հարցերը շատ-շատ են»,- ասաց արմատական լուծումների կողմնակից ԲՀԿ-ականը»: