Ընդդիմության պայքարն ընդդիմության դեմ շարունակվում է
Երբ Ազատության հրապարակում և այլ քաղաքականամերձ հարթակներում խոսում էին այն մասին, որ ընդդիմության տարբեր թևեր պետք է միավորվեն, ես մտածում էի, որ դա կարող է լինել մարտի 1-ին: Ի վերջո, Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, որը չի ճանաչում կուսակցական և քաղաքական պատկանելություն: Այդ օրը զոհվել են իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիները՝ առանց կուսակցական պատկանելության, և նրանց հիշատակը հարգել, առաջին հերթին՝ նշանակում է՝ ոչ թե մոմեր վառել եկեղեցում կամ ծաղիկներ դնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի պատվանդանին, այլ հասնել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխության, հասնել այնպիսի իրավիճակի ձևավորման, որ մարդիկ իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելու համար մահապատժի չենթարկվեն անհայտ և հայտնի մարդասպանների կողմից: Իսկ դրան հասնել ընդդիմությունը կարող է միայն միավորվելու դեպքում, կամ գոնե ընդդիմության ներսում ընթացող պայքարը դադարեցնելով:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ իրականում: ՀԱԿ անդամները և համակիրները հավաքվել էին Սբ. Սարգիս եկեղեցու տարածքում, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հենց եկեղեցու դռան դիմաց բրիֆինգ էր կազմակերպել, այնպես, ինչպես կաներ միջոցառման տանտերը, ով հյուրերին դիմավորում է դռան մոտ: Այդ ժամանակ եկավ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողները Զուրաբյանին զգուշացրեցին, որ Հովհաննիսյանը գալիս է, բայց Զուրաբյանը չլսելու տվեց: Հովհաննիսյանը մոտեցավ, ձեռքով բարևեց Զուրաբյանին, վերջինս հազիվ կիսաշրջվեց Հովհաննիսյանը կողմը, ձեռքը մեկնեց և մի թեթև ժպտաց կամ քմծիծաղ տվեց: Հետո շարունակեց բրիֆինգը: Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ եկեղեցի և գնաց մոմ վառելու: Մի որոշ ժամանակ մնալով եկեղեցում՝ դուրս եկավ և գնաց: Գնաց այն մարդկանց հետ, ում հետ եկել էր:
Թերևս, կարող էր բոլորովին այլ բան տեղի ունենալ: Լևոն Զուրաբյանը կարող էր դադարեցնել իր բրիֆինգը՝ ասելով, որ ընտրյալ նախագահն է գալիս, և կարող էր նրա ընկերակցությամբ մտնել եկեղեցի: Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանն էր մեկ շաբաթ առաջ հրապարակայնորեն հայտարարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է: Եթե ՀԱԿ-ում համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է և ընտրվել է նախագահ, արդյո՞ք այդպիսի վերաբերմունքի են արժանացնում ընտրյալ նախագահին:
ՀԱԿ-ում իրականում համարում են, որ Հայաստանում կա և կարող է լինել միայն մեկ ընտրյալ նախագահ, և դա Լևոն Տեր-Պետրոսյանն է:Երկրորդը չի կարող լինել, նույնիսկ տեսականորեն: Եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողության է հասել, ապա միայն Տեր-Պետրոսյանի մեծահոգության շնորհիվ: Այլապես, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող հաջողության նույնիսկ նվազագույն հնարավորություն ունենալ: Ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մինչև իր կյանքի վերջ երախտապարտ լինել Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հայաստանում երբեք այսպիսի վիճակ չի եղել: Երբեք չի եղել, որ ընդդիմությունն այդքան բաժանված ու մասնատված լինի: Եվ ամենակարևորը. այդ մասնատված հատվածներն իրար նկատմամբ ավելի մեծ թշնամությամբ և ատելությամբ են լցված, քան իշխանությունների: Որովհետև ընդդիմության ներկայացուցիչների մեջ լուրջ մրցակցություն է սկսվել, թե ով է իրական ընդդիմությունը, ով է ընդդիմության առաջնորդը:
Եվ այսքանց հետո հարց են տալիս. կարո՞ղ է արդյոք մեզ մոտ ընդդիմությունը հասնել հաջողության: Իհա՛րկե կարող է, բայց միայն այլ ընդդիմադիրների նկատմամբ մղվող անհաշտ ու սկզբունքային պայքարում: