«Շատ լավ է խորհրդարանում գործընթացներ կան, բայց դրանք կապ չունեն իմ մոտեցման հետ». Ր.Հովհաննիսյան (տեսանյութ)
Ազգային ժողովում այս օրերին ընդդիմության կողմից առաջարկվող ու քննարկվող խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանն անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Շատ լավ է որ դե ֆակտո խորհրդարանում գործընթացներ կան: Բայց դրանք կապ չունեն իմ՝ որպես ձեր վստահությունը վայելող համաքաղաքացու, մոտեցման հետ: Ես պատրաստ եմ ողջունել երկխոսությունը, ներկայացրել պարոն Սարգսյանին իմ մոտեցումները: Դրանք, ինչպես գիտեք, մերժվել են, բայց կրկնում եմ՝ եթե ինքը համազգային այս տագնապը ճանաչելու, հաղթահարելու առաջարկ ունի ինձ՝ ես պատրաստ եմ լսել իրեն: Իսկ խորհրդարանի քննարկումների հետ ես կապ չունեմ»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առանց Ձեզ հետ բանակցելո՞ւ է խորհրդակցում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ «Ժառանգության» խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորների հետ ինքը մշտապես հաղորդակցության մեջ է և տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում խորհրդարանում. «Դա մեր ինքնուրույն ֆրակցիայի տիրույթում է: Եթե իրենք հասարակությանն ու պարոն Սարգսյանին կարողանան առաջարկել համազգային այս շարժման որևէ բանական ասելիք, կարծում եմ, թող այս գործընթացը ևս գնա: Ի վերջո, դա ևս արտահայտման ամբիոն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ ԲՀԿ-ի հետ այս պահին ինքը բանակցություններ չի վարում:
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին ուղղված այն քննադատություններին, ըստ որոնց՝ միայն մարզպետերի ու քաղաքապետերի հրաժարականն եք պահանջում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փոխարեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց կարճ. «Վաղը կխոսենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: