«Սյունիքի մարզպետից սկսած՝ մինչև հյուսիս պատասխան են տալու» (տեսանյութ)

Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթ ունեցան «Ժառանգության» երիտասարդական միության որոշ անդամներ, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իր ելույթի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իրենք սահմանադրորեն պաշտպանելու են ժողովրդի իրավունքը: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշատակել է Սումգայիթի ջարդերը և նշել, որ ով ձեռք բարձրացրեց հայի վրա՝ նրա պատիժը չի ուշանալու:

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է երիտասարդությանը, ով միացել և ուղեկցում է շարժումը դեպի հաղթանակ. «Ով ուսանողին, քաղաքացուն սպառնա աշխատանքի հեռացմամբ կամ այլ ճնշումներով, ինքը պետք է դուրս գա համալսարանից. կուսակցականացված ռեկտորները, ուսխորհուրդները, ովքեր մեր կրթությունն օգտագործում են մեր երիտասարդներին կուսակցականացնելու համար, պիտի դուրս գան: Հայաստանի երրորդ նախագահը ևս պիտի դուրս գա համալսարանից: Նա այլևս գործող նախագահ չէ: Միասին հետո կքննարկենք, եթե նա հարմար թեկնածու է՝ Համալսարանի գիտական խորհուրդը զբաղեցնելու համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաև, որ բոլոր մարզպետները պետք է հրաժարական տան. «Սյունիքի մարզպետից սկսած՝ մինչև հյուսիս պատասխան են տալու»: Նա իր ելույթում ասել է, որ չի ցանկանում խոսել օտար երկրների՝ Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքների ճանաչման մասին. «Ամեն մեկը իր որոշմանը տեր է»: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին հորդորել է չկասկածել, որ մարդկանց ետ են վերադարձնելու իրենց հաղթանակը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ մարտի 2-ին կայանալիք «հաղթահավաքի» ընթացքում վերջնականապես կտեղեկացնի՝ դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Ըստ նրա՝ այդ օրը կտա նաև այլ կարևոր հարցերի պատասխաններ, կորոշվեն իրենց հետագա քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս