Բաժիններ՝

Ո՞ւր կորան Արագածոտնի մարզում արգելափակված ավտոմեքենաները

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 28-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածում արգելափակված ավտոմեքենաներ չեն հայտնաբերվել։

Մինչդեռ ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձնաբքի պատճառով թվով 50 ավտոմեքենա մնացել են ձնաբքի տակ: Դա, ի դեպ, երևում է Գ.Շամշյանի լուսանկարից։

Տրանսպորտային ոչ մի միջոց չի կարողանում անցնել նշված ճանապարհով, իսկ այնտեղ ժամանած Ճան. շին.-ի աշխատակիցները չեն կարողանում ճանապարհից հեռացնել ձյունը՝ պատճառաբանելով, որ տրակտորը չի աշխատում:

Կատարվածի մասին ֆոտոլրագրողն արդեն հայտնել է ՀՀ Արտակարգ Իրավիճակների և Կապի ու Տրանսպորտի նախարարություններ, որտեղից հայտնել են, թե կժամանեն համապատասխան աշխատողներ:

Նկատենք, որ ըստ Գ. Շամշյանի արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, իսկ ԱԻ հաղորդագրության մեջ նշվում է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը։ Միգուցե փրկարարները արգելափակված մեքենաները փնտրել են ոչ այնտեղ, որտեղ պետք էր։

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս