Դավութօղլուն նոր գիրք է գրել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ (լուսանկարներ)
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին լույս կտեսնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նոր գիրքը, որը կոչվում է «Տեսությունից պրակտիկա. Զրույցներ Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ»: Գրքում տեղ են գտել 2002 թվականից հետո Թուրքիայի գրանցած նվաճումները, երբ այդ երկրում իշխանության եկավ ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Դավութօղլուն իր հերթին 2002-2009 թվականներին հանդիսացել է ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության խորհրդատուն, իսկ 2009 թվականի մայիսի 1-ին դարձել է Թուրքիայի արտգործնախարար: Գրքում Դավութօղլուն ընդգրկել է նաև իր հետ արված հարցազրույցները: Դրանցից մեկը նա տվել է 2002 թվականի նոյեմբերի 7-ին, որում ընդգծել է, որ «Թուրքիան ոչ թե կամուրջ է, այլ կենտրոնական երկիր է»:
Հռոմ մեկնելիս Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում իր նոր գրքի հետ կապված՝ հայտարարել է, որ Թուրքիայում արդեն ոչ ոք վերադարձ չի կատարի արտաքին քաղաքականության հին պատկերացումներին՝ ընդգծելով, որ ներկայումս Թուրքիան աշխարհի կողմից հարգված մի երկիր է:
Դավութօղլուն հավելել է, որ ներկայումս բավական փոխվել են ԵՄ-ի հայացքները Թուրքիայի հանդեպ՝ համեմատած 4-5 տարվա վաղեմության հետ, երբ ԵՄ-ը չէր բախվել տնտեսական ճգնաժամի. «Այժմ Եվրոպան վախենում է Թուրքիայից: Եվս մեկ անգամ Եվրոպան տարանջատելով ԵՄ-ից՝ցանկանում եմ հայտնել, որ մենք եղել և լինելու ենք Եվրոպայի պատմության մի մասը, մենք կլինենք Եվրոպայի պատմությունը կանխորոշող ուժերից մեկը»:
Հիշեցնենք, որ 2001 թվականին էլ հրատարակվել էր Դավութօղլուի «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատությունը, որում նա վերլուծում է Թուրքիայի անցյալը և ուղենշում է ապագան՝ հանդես գալով արտաքին քաղաքականության վերաբերյալ նոր մոտեցումներով ու ձևակերպումներով: