Ոստիկանը չներկայացավ իր բողոքի քննությանը

Ոստիկան Կարեն Բաղդասարյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը և նշանակված 2 տարվա ազատազրկման պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան:

ՀՀ վերաքննիչ դատարանի փետրվարի 27-ի դատական նիստը տեղի չէր ունեցել ամբաստանյալի ու նրա պաշտպանի չներկայանալու պատճառով ու հետաձգվել մինչև մարտի 7-ը:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հարավ-արևմտյան բաժանմունքի հերթապահ մասի ավագ հերթապահ-տեսուչ, ոստիկանության մայոր Կարեն Բաղդասարյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2012թ.-ի դեկտեմբերի 26-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախության համար:

Ըստ մեղադրանքի, Կ. Բաղդասարյանը խարդախություն կատարելու դիտավորությամբ իր ծանոթ ԻԻՀ քաղաքացի, Թահերեհ Բարաթիին պատկանող «Այս» ակումբի գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն ձեռք բերելու պատըրվակով վերջինիս վստահությունը չարաշահելով, 2012թ. սեպտեմբերին նրանից ստացել է խոշոր չափի 800.000 ՀՀ դրամ, որպիսի գումարը խաբեությամբ հափշտակել է նրա օգտին որևէ գործողություն չկատարելով:

Ամբաստանյալ Կ.Բաղդասարյանը մինչև դատաքննությունն սկսվելը, միջնորդե,լ էր կիրառել արագացված դատական քննության կարգ՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանը բավարարել էր ամբաստանյալի միջնորդությունը:

Դատարանը հանգել էր հետևության, որ նրա կատարած հանցագործության համար նախատեսված նվազ խիստ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, և նա պետք է դատապարտվի ազատազրկման, քանի որ տուգանքը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող համարվել անհրաժեշտ ու բավարար միջոց սոցիալական արդարությունը վերականգնելու և ամբաստանյալի կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար: Միաժամանակ դատարանը գտել էր, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակվի վերոհիշյալ հոդվածի սանկցիայի ազատազրկման պատժատեսակի նվազագույն ժամկետի չափով, ինչը համաչափ է նրա կատարած հանցագործությանը և դատապարտել Կարեն Բաղդասարյանին 2 տարվա ազատազրկման:

Իսկ նախաքննության ժամանակ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը`չհեռանալու մասին ստորագրություն, մնացել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս