
ԱՄՆ սենատի հանձնաժողովը հետաձգել է ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածության դիտարկումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի սենատի՝ հետախուզական գծով հանձնաժողովը հետաձգել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Ջոն Բրենանի թեկնածության դիտարկման հարցը: Հանձնաժողովն այդ հարցին կանդրադառնա առաջիկա երեքշաբթի:
Ավելի վաղ հանձնաժողովի ղեկավար Դայան Ֆայնսթայնը հայտարարել էր, որ սենատորները պատրաստ են այդ հարցին անդրադառնալ փետրվարի 28-ին: Բրենանի գործով լսումներն այդ հանձնաժողովում անցկացվել են փետրվարի 12-ին, սակայն այն ժամանակ սենատորները հրաժարվել էին շարունակել նրա թեկնածության դիտարկումը՝ ԱՄՆ վարչակազմից պահանջելով տրամադրել հավելյալ տեղեկատվություն 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման մասին:
Բացի այդ, սենատորները պահանջել էին գաղտնի տեղեկատվություն տրամադրել արտասահմանում ահաբեկիչների դեմ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մասին: Սենատորները հետաքրքրվել են նաև ամերիկյան քաղաքացիների դեմ այդ սարքերի օգտագործման հնարավորությամբ:
Ֆայնսթայնը երկուշաբթի հայտարարել է, որ Սպիտակ տունը համաձայնել է տրամադրել Բենղազիի վերաբերյալ պահանջված տեղեկատվությունը, ինչն էլ հնարավոր է դարձրել իր թեկնածության վերստին դիտարկումը: