
Կպատժի՞ Գագիկ Ծառուկյանին. մամուլ

«Երեկ Աժ-ն առաջին ընթերցմամբ 59 կողմ, 32 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած՝ Աժ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է ավելացնել Աժ էթիկայի հանձնաժողովի՝ պատգամավորներին անհաիկի բացակայության դեպքում պատժելու լիազորությունները։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է այն քայլը, որը էթիկայի հանձնաժողովին գերլիազորություններ է ընձեռում, և հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրինագծին։
ԲՀԿ-ի հետ միասին օրինագծին դեմ քվեարկեցին նաև ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները։ «Ժամանակի» տեղեկություններով, այդ նախագիծը ներկայացվել է նիստերից բացակայող ԲՀԿ պատգամավորների ու հատկապես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար։
Հայտնի է, որ Ծառուկյանը Աժ նիստերին գրեթե չի մասնակցում։ ԲՀԿ-ից և Աժ-ից «Ժամանակին» մեկ ամիս առաջ տեղեկություններ են ներկայացրել, որ անցած տարի Գ. Ծառուկյանը իր բացակայությունների դեպքում ոչ գործուղման է գնացել, ոչ էլ հիվանդ է Եղել։ Միայն Աժ նախագահի հայեցողությամբ են նրա բացակայությունները համարվել հարգելի»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։