Բաժիններ՝

Ովքեր են «հաբռգել և զզվեցրել ՀՀ քաղաքացիներից շատ-շատերին»՝ ըստ Երևանի նախկին փոխոստիկանապետի

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հերթական գրառումն է կատարել ֆայսբուքի էր էջում։

«Անցյալ տարվա Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքերը լակմուսի դեր խաղացին մեր երկրում եւ նախագահի, կառավարության վերաբերմունքը այդ խնդիրների վերաբերյալ պետք է հուշեին որոշ պետական պաշտոնյաների, որ հին ձեւերով, կարծրատիպերով աշխատել հնարավոր չէ: Հարկավոր են նոր մոտեցումներ, իրավիճակի սթափ գնահատականներ եւ արագ, ճիշտ, ժամանակին որոշում կայացնելու, քաղաքացու կողքը կանգնելու, նրան լսելու ունակություն…
ՀՀ նախագահը որքան էլ ունենա լավ, արտակարգ ծրագրեր, փորձի իրականացնել դրանք, այդ ամենը զրոյի կարող է հավասարվել, նրա բոլոր նախաձեռնությունները, գործերը կմնան անիրագործելի կամ կիրականացվեն կիսատ-պռատ, եթե մի հաբռգած չինովնիկ մտածի միայն իր, միայն իր անձնականի մասին՝ թքելով պետական մտածողության եւ քաղաքացիական արժեքների պահպանման, քաղաքացիների հոգսերի եւ հուզող հարցերի վրա: Եվ բնականաբար, այդ պայմաններում կշատանան բողոքավոր քաղաքացիների խմբերը նստավայրի մոտ…
Տարբեր տեսակի, տարբեր տրամաչափի շատ իշխանավորներ` գյուղական «քյոխվաներից» մինչեւ իշխանիկներ, թագավորիկներ, որոշ օլիգարխներ բառիս բուն իմաստով հաբռգել եւ զզվեցրել են ՀՀ քաղաքացիներից շատ-շատերին: Այստեղ նյութական ծանր իրավիճակից առավել, նաեւ բարոյական ընկճվածությունն է կարեւոր, որը պարբերաբար ստիպում է նրանց պոռթկալ եւ ընդվզել…
Այս ամենը, ցավոք սրտի, բնականաբար ուղղվում է նախագահին, նրան դարձնում թիրախ, ամեն ինչ կապվում է նրա անվան հետ: Նա որքան էլ փորձի սրտացավ, ազնիվ գործել, միջամտել, քայլեր կատարել, այդ ամենը կամ կարճատեւ բնույթ կկրեն կամ կկատարվեն կիսատ-պռատ, կամ կմնան անարդյունք…
Անհրաժեշտ է մշակել իրավիճակը արագ շտկելու ծրագիր… Բարեփոխումներ են պետք, լուրջ բարեփոխումներ, համակարգային… Պետք է ստեղծել կադրային համապատասխան բազա` առանց տարիքային ցենզի՝ հաշվի առնելով բարոյական եւ գործնական հատկանիշները, ընդգրկել խելացի, ազնիվ, մտածող, հայրենասեր, համեստ կենցաղավարությամբ, պետական մտածողությամբ մարդկանց… Պետք է արագ, շատ արագ ազատվել հղփացած, գռփելու նպատակով պետական կառույցներ խցկված պաշտոնյաներից…
Ես գիտակցում եմ, որ սա շատ դժվար է, այո՛, իրոք շատ դժվար է, բայց հնարավոր…
Մտածել է պետք, ուղիներ փնտրել, կադրային լավ բազա ստեղծել ու սկսել… Սկսել, բայց արագ, շատ արագ, քանի որ այլ ելք եւ ժամանակ մենք չունենք…»,- գրել է Ռ.Մելքոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս