Հորդորում են 2 մետր տարածություն պահպանել և չհամբուրվել

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` նախորդ շաբաթվա համեմատ գրեթե 1,4 անգամ: Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։

Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթև ձևերով` 46 հիվանդ, իսկ Երևանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով և 109 հիվանդ` թոքաբորբի թեթև ձևերով: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը` ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը` գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն, չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ, չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման, պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ,
պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, խստորեն հետևել անձնական հիգիենային, չհամբուրվել և չգրկախառնվել, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Տեսանյութեր

Լրահոս