Պարզվել է այսօր Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը. վարորդին դեռևս փնտրում են (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր` փետրվարի 27-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-իդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր` փետրվարի 27-ին` ժամը 07:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցների խաչմերուկում հետիոտնին վրաերթի ենթարկելու փաստով:
Հետիոտնը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
ՃՏՀ Քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի հանձնարարականով` Ոստիկանությունը պարզել է, որ վրաերթի հետևանքով մահացածը Աբովյան քաղաքի Դարինի փողոցի 4-րդ շենքի բնակիչ 43-ամյա Դավիթ Գալստյանն էր, ով, ըստ տեղեկությունների, ամուսնացած էր, խնամքին ուներ երեխա և վարձակալական հիմունքներով բնակվում էր Տիգրան Մեծի պողոտայում:
Այս պահին դեռևս Ոստիկանությունը որոնում է վրաերթ կատարած վարորդին և նրա կողմից վարած տրանսպորտային միջոցը: