Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատավարությունը: Այս անգամ եւս անվտանգության որոշակի նկատառումներից ելնելով՝ դատարան մուտք գործողները ենթարկվեցին զննության:

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցիչների եւ ամբաստանյալի փաստաբանների բացակայության պատճառով 10 րոպե ընդմիջվեց դատական նիստը:

Այդ ընթացքում Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դատարանից պահանջեց, որպեսզի դահլիճից հեռացնեն ամբաստանյալ Հարություն Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ չի կարող հանդուրժել որդուն սպանած Հարություն Սարգսյանի ներկայությունը: Անահիտ Իսկանդարյանի պահանջը բավարարվեց, եւ ամբաստանյալին հեռացրին դահլիճից:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց` գործով մի քանի վկաների հանել դատակոչի ցուցակից, այն պատճառաբանությամբ, որ գործի հետ առնչություն չունեն:

Տուժող կողմը առարկեց՝ պատճառաբանելով, որ վերջիններս էական նշանակություն ունեցող տեղեկություն կարող են ներկայացնել:

Միջնորդությունը մերժվեց, հնչեց երկրորդը՝ դատակոչի ցուցակում նոր անձանց ներգրավելու մասին, որոնցից մեկը ամբաստանյալի՝ Հարություն Սարգսյանի ընկերուհին՝ Հերմինե Գրիգորյանն է, ով նախաքննության ժամանակ չի ներգրավվել` հաշվի առնելով խանդի հողի վրա սպանության շարժառիթը:

Այս միջնորդությունը բավարարվեց:

Անահիտ Իսկանդարյանը դատաքննության ժամանակ պատմեց, որ մինչեւ որդու սպանությունը բազմաթիվ անգամ Հարություն Սարգսյանի մեքենան տեսել է իր խանութի մոտ կանգնած, ինչպես նաեւ հիշել է, որ մինչև անգամ Հարություն Սարգսյանի մեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչը Անահիտ Իսկանդարյանը համարում է դիտավորություն:

Կարեն Եսայանի մայրը նաեւ պատմեց, որ տեսագրությունները դիտելիս նկատել է, թե ինչպես է Հարություն Սարգսյանը նստում որդու՝ Կարեն Եսայանի մեքենան:

Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս