Սալբի Ղազարյան. Ափսոսում եմ, որ այդպիսի լուրջ նամակը՝ լուրջ մարդու կողմից գրված, լրջորեն չի ընդունվում, փոխարենը փորձում են դավադրություններ գտնել

Այսօր որոշ լրատվամիջոցներ սկսեցին ակտիվ տեղեկություններ տարածել՝ հղում անելով սեփական աղբյուրներին, որ ռոք երգիչ Սերժ Թանգյանի նամակները, որոնք ուղղված էին Սերժ Սարգսյանին, գրվել են Հայաստանում`«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի կողմից։

Սրան հաջորդեց թեմայի ակտիվ քննարկումը սոցիալական ցանցերում՝ մեծ մասամբ տեղեկությունը որակվեց լրատվական սադրանք, ու սկսեցին նաև եզրակացություններն ու ենթադրությունները, թե փաստորեն՝ Սերժ Սարգսյանի նամակագիրներն ու ՀՀ նախագահական ապարատը պատասխանել են Սալբի Ղազարյանի նամակներին:

Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, տեղեկություններ են հրապարակվել, որ Սերժ Թանգյանի՝ Սերժ Սարգսյանին հասցեագրված քննադատական նամակի հեղինակը Դուք եք:

-Այնքան լավ պատասխաններ կան արդեն ամենուրեք՝ սոցիալական ցանցերում, որ նույնիսկ չեմ ուզում պատասխանել այլևս: Ասեմ միայն՝ ես ափսոսում եմ, որ այդպիսի լուրջ նամակը՝ լուրջ մարդու կողմից գրված, լրջորեն չի ընդունվում, փոխարենը փորձում են դավադրություններ և ուրիշ բաներ գտնել:

-Բայց ինչո՞վ է պայմանավորված այն, որ շրջանառվում է հենց Ձեր անունը:

-Սերժ Թանգյանը «Սիվիլիթաս»-ի խորհրդի պատվո անդամ է: Ես ափսոսում եմ, որ ամբողջ նախագահական ապարատը չի զբաղվում իրական հարցերով, Սերժ Թանգյանը սրտացավորեն, թեկուզ հեռվից, ներկայացրել է իրավիճակը իբրև մասնակից և խնդրում է, որ այդ հարցերը քննարկվեն և լուծում տրվեն: Ես միայն գիտեմ՝ լավ կլինի Սերժ Թանգյանին և ոչ միայն Թանգյանին՝ 9 մլն հայերին, հատկապես Հայաստանում բնակվող երկու-երեք միլիոն հայերին, շատ ավելի լուրջ վերաբերվեն:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանգյանը Սերժ Սարգսյանին երկու նամակ է հղել` քննադատելով մեր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս