Ինձ նման առաջարկ չի եղել. Արման Սահակյանը՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին

«Ես մեկ ամսվա պատգամավոր եմ, և իմ աշխատանքային օրակարգով աշխատում եմ որպես պատգամավոր. այս պահին պլաններ չունեմ իմ աշխատանքը փոխելու»,- անդրադառնալով այն հրապարակումներին, որ ՀՀԿ նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել ՀՀԿ-ական ներկայացուցիչ Արման Սահակյանին , galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է պատգամավորը:

Արման Սահակյանը հայտնել է, որ ինքը ՀՀԿ նիստի մասին տեղեկություններ չունի: «Ինձ որևէ առաջարկ չի եղել», -հավելել է նա:

Առաջարկության դեպքում կընդունե՞ք արդյոք հարցին, Արման Սահակյանն ասել է. «Այդ տեղեկությունները ես էլ անկեղծ ասած, մամուլից եմ իմանում: Եթե ինչ-որ մեկը թյուր կարծիք ունի, թե Շիրակի մարզպետի աշխատանքը շատ հեշտ է, ապա ուզում եմ հիասթափեցնել: Կարծում եմ, որ այն ամենաբարդ աշխատանքներից մեկն է»:

Անդրադառնալով Շիրակի մարզում ՀՀԿ-ի պարտությանը, Արման Սահակյանն ասել է.«Կարծում եմ, որ ամեն դեպքում այս տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ժողովրդին այդ հույսը ներշնչել, գիտենք, որ ամենաբարձր ցուցանիշն է գործազրկության մակարդակով և ցավոք սրտի մեր ծրագրերը և առաջարկները ժողովրդի կողմից չեն ընդունվում»: Ըստ նրա, այդ պարտությունը դժգոհության արտահայտությունն էր:

Արման Սահակյանը հայտնել է, որ իր համար Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը անսպասելի էր: «Ես շատ հարգում եմ Աշոտ Գիզիրյանի որոշումը, որովհետև կարծում եմ, որ ինքը գեներալին վայել որոշում կայացրեց, և ես հարգանքով եմ վերաբերվում»:

Տեսանյութեր

Լրահոս