Մարզպետներին ու քաղաքապետներին հրաժարականի դիմում-առաջարկն անում է անձամբ փոխվարչապետը. մամուլ
«Սերժ Սարգսյանի հրահանգով «համապատասխան» կառույցներն ընտրություններից անմիջապես հետո ինտենսիվ ուսումնասիրում են, թե որոնք էին այս վիճակի պատճառները, ովքեր էին մեղավոր: Նպատակը ոչ միայն թիմում տիրող վիճակը հասկանալն է, այլև ապագա կադրային վերադասավորությունները»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Սերժ Սարգսյանը փորձում է սեպը հանել սեպով. մարզպետներին ու քաղաքապետներին հրաժարականի դիմում-առաջարկն անում է անձամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. օրերս նա իր մոտ է կանչել Արմավիրի մարզպետին և ասել. «Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին ասա` դիմում գրի-գնա, մարզի մյուս` քաղաքապետների հարցով զբաղվում է նախագահը. ինքը կասի, թե ինչ անեք»: Օրակարգում է նաև Մեծամորի, Վանաձորի քաղաքապետների հրաժարականի հարցը: Վհուկների որսը շարունակվում է»: