Մարզպետի խոստովանությունը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ավելի քան 100 հազար, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 22 հազար 731 ձայն կամ մոտ 5 անգամ պակաս:
Եվ ահա, փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի խորհրդակցության ժամանակ խոսել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին:
Մեջբերում ենք բառացի. «Անդրադառնալով մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել՝ ընտրությունների ընթացքում ապահովելով նման ցուցանիշ»:
Տեքստը վերցված է մարզպետարանի կայքից: Սա ինքնախոստովանական ցուցմունք է և միաժամանակ հաղորդում հանցագործության մասին: Մարզպետը հայտարարում է, որ մարզի ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին, և հենց դրա համար է շնորհակալ, այլ ոչ թե սահուն, ապահով, անցնցում ընտրություն կազմակերպելու»: