Իտալացիներն ընտրում են խորհրդարանի երկու պալատների նոր կազմեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իտալիայում տեղի են ունեցել խորհրդարանի Պատգամավորների պալատի ընտրությունները: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 22.00-ին և նախնական տվյալներով՝ դրանց մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54 տոկոսը:
Այս մասին նշված է Իտալիայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում: Դրանով իսկ 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ընտրողների ակտիվությունը նվազել է մոտ 8 տոկոսով: Ընտրություններն ամեն դեպքում համարվում են կայացած, քանի որ իտալական օրենսդրությունը չի սահմանել մասնակցության որևէ նշաձող:
Իտալացիներն ընտրում են ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Պատգամավորների պալատի և Սենատի նոր կազմեր: Ընդ որում, եթե Պատգամավորների պալատի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն բոլոր չափահաս մարդիկ, ապա սենատորներին կարող են ընտրել միայն 25 տարին բոլորած անձինք:
Սենատի ընտրությունները տեղի են ունենալու այսօր: Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացվում են նաև երկրի երեք մարզերի ու տարածաշրջանային խորհուրդների (Լացիո, Լոմբարդիա, Մոլիզե) ընտրություններ: