«Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմության առաջնորդ են ուզում նշանակել». Արամ Հարությունյան
Նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով՝ դժվար է կանխատեսել ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, սակայն, նրա համոզմամբ՝ այն, ինչ անում է հիմա, շարունակում է վստահություն չներշնչել:
«Ես չեմ կարծում, որ իրական պահանջներն այդ ձևով են դրվում, ի՞նչ իմաստ ունի գնալ մարզեր: Խնդիրը հետևյալն է. պետք է հստակ ասի՝ ընտրությունների արդյունքները չեմ ճանաչում: Իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տիտղոսակիր ընդդիմության հարց է լուծում, իրենց հիմնական նպատակը, որ իրենք ուզում են ցույց տալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեր է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայներին: Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմության առաջնորդ են ուզում նշանակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Ըստ Ա. Հարությունյանի՝ ժողովրդին ևս մեկ անգամ հուսախաբ անել պետք չէ, իսկ եթե այսպես 1-2 շաբաթ էլ շարունակեն մարդկանց հանրահավաքների տանել-բերել, հետո սկսեն ընդհանուր՝ ոչ կոնկրետ բաներ ասել, ապա ժողովուրդը կհիասթափվի: «Ես իրոք ցավում եմ, վատ եմ զգում ժողովրդի համար»,- ասաց Արամ Հարությունյանը: Այն հարցին, թե բացառո՞ւմ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վճռականություն կունենա, և հաղթական ավարտ կունենա նրա նախաձեռնությունը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Երբ մարդը կանխատեսելի չէ, մի քիչ դժվար է մեկնաբանել, ինքն էլ իր համար կանխատեսելի չէ: Ես համոզված եմ, որ ինքն էլ չգիտի, թե վաղն ի՞նչ է անելու, դրա համար կանխատեսել, թե ի՞նչ կլինի՝ շատ դժվար է: Րաֆֆին կարող է մի հայտարարություն անել, որ ոչ մեկը չսպասի»:
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հանրահավաքի ընթացքում միանալու քայլին, Արամ Հարությունյանն ասաց. «Դե, ինքը քաղաքական փորձ չունի, ինքն իր ակցիան արեց, բայց ես տրամաբանություն չեմ տեսնում Անդրիասի արածի մեջ: Հացադուլը հարգում եմ, որ ինքը դիմացավ զրկանքներին, բայց որ ինքն ասում էր՝ շինծու է, ու մասնակցեց ընտրություններին, հիմա ինչ էլ ասի՝ տրամաբանությունից դուրս է»: