Ալեքսանդր Արզումանյանը` ՀՀՇ-ի «գեղական կլուբ» լինելու մասին

«Ցինիզմը, դեմագոգիան և անբարոյականությունը պետք է չափ ունենան և սահման» «Ես այնքան բարձր եմ գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի վաստակը` Հայաստանի անկախության վերականգնման և Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել իր ելույթը»,- Aravot.am-ի հարցին լևոնտերպետրոսյանաբար է արձագանքել ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀՇ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր . «Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո, այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ , աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին: Եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր կամ դրա շուրջ»:

Ինչ վերաբերվում է համագումարին և որոշմանը`ՀՀՇ կուսակցությունը վերանվանել ՀԱԿ կուսակցության, Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ նույնիսկ այնպիսի մերժելի հասկացությունները կամ երևույթները, ինչպիսիք են ցինիզմը, դեմագոգիան և անբարոյականությունը, պետք է չափ ունենան և սահման: Բայց, ինչպես ասում են, քանի ապրես` այնքան պիտի սովորես»:

Տեսանյութեր

Լրահոս