Ադրբեջանական կողմը շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ առաքելությունը երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:
Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածություններին համապատասխան։
«Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, ինչի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռու տարածությունից։
Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկման խմբի մեջ են մտել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա), և ԳՆԱՆ գրասենյակի աշախատակից Ջոնաթան Ֆերաբին (Կանադա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»: