Հարյուրամյա ռեկորդը գերազանցած առատ ձյունը կաթվածահար է արել ԱՄՆ կենտրոնական նահանգները (լուսանկարներ)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առատ ձյունը, որը գերազանցել է հարյուրամյա ռեկորդը, երեկ կաթվածահար է արել ԱՄՆ-ի կենտրոնական նահանգները: Հաշվված ժամերի ընթացքում ձյան ծածկույթը հասել է մինչև կես մետրի, իսկ երեկոյան մի շարք վայրերում այն կազմել է 70 սանտիմետր:
Առատ ձյան պատճառով գրանցված ավտովթարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Կանզաս և Միսսուրի նահանգների իշխանությունները մտցրել են արտակարգ դրության ռեժիմ: Իսկ Կոլորադո, Նեբրասկա, Այովա, Իլինոյս, Չիկագո նահանգների տրանսպորտային իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տներում և ոչ մի դեպքում չօգտվել ավտոմեքենաներից:
Աղետի գոտում բնակվում է գրեթե 60 միլիոն մարդ, փակվել են բոլոր դպրոցները, ինչպես նաև պետական ու կոմերցիոն հիմնարկների մեծ մասը, օդանավակայանները չեն ընդունում և չեղյալ են հայտարարում չվերթները, փակվել են հանրախանութները, բանկերը և այլ հիմնարկներ ու ձեռնարկություններ: