«Զարթիր, Լաո». երգը կատարում են Զարուհի Փոստանջյանը և Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները (տեսանյութ)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում հանդիպեցին Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազատության հրապարակում որոշ հայտարարություններից հետո Ր. Հովհաննիսյանն իր որոշ կուսակիցների և համակիրների հետ ոտքով շարժվեց դեպի նախագահական նստավայր: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը՝ Արմեն Արզումանյանը, հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ս. Սարգսյանը պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Ենթադրելով, որ Սերժ Սարգսյանն այսօր չի գալու հրապարակ՝ իմ հրավերին ի պատասխան, ես գնում եմ նրա մոտ՝ հանդիպելու և լուծում տալու համազգային ճգնաժամին»,- ասել էր Ր. Հովհաննիսյանը և գնացել հանդիպման:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դեպի նախագահի նստավայր  ճանապարհին, շարունակում էր ձեռքով բարևել քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց որպիսությամբ: Նախագահական նստավայրից քիչ հեռու ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, Ր. Հովհաննիսյանի համակիրներին կոչ արեցին՝ չխախտել «Հանրահավաքների ազատության մասին օրենքն», ըստ որի՝ ժողովուրդը պետք է գտնվի նստավայրից համապատասխան հեռավորության վրա՝ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մայթին:

Նախագահական նստավայրի դիմացի մայթին հավաքված մարդկանց թվում էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մինչ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար նստավայրից, համակիրները սպասում էին «իրենց նախագահին»: Նրանք երգում էին հայրենասիրական երգեր, գոչում՝ «Րաֆֆի, նախագահ», «Ազատ, անվախ Հայաստան», և այլն: Երիտասարդ ակտիվիստներից հետ չէր մնում նաև ԱԺ պատգամավորը, ով նրանց հետ երգում էր «Զարթիր, Լաո» ազգագրական երգն ու գոչում՝ «Րաֆֆի, նախագահ»: Զարուհի Փոստանջյանը նաև համակարգում էր հավաքի երաժշտական մասը՝ առաջարկելով երգեր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս