Բաժիններ՝

Թուրքիան շարունակում է Ադրբեջանից պահանջել վիզային ռեժիմի վերացում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունենալու թուրք-ադրբեջանական հանդիպում՝ կապված հյուպատոսային հարցերի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գործող վիզային ռեժիմի դյուրացման հարցը: Թուրք դեսպանը հավելել է, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը վիզային ռեժիմի դյուրացման հարցով բանակցություններ է վարում Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործող վիզային ռեժիմը միակողմանիորեն վերացրել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին և դրանից հետո շարունակ պահանջում է, որ ադրբեջանական կողմը նման կերպ վարվի իր պարագայում: Սակայն Ադրբեջանը ցայժմ հրաժարվում է դա անելուց:

2011 թվականի ամռանը թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի տնօրեն Ալի Հասանովը պարզություն մտցրեց այդ հարցում.

«Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու մեջ: Սակայն Իրանը կտրուկ դեմ է հանդես գալիս դրան՝ պահանջելով նույնը կատարել նաև իր պարագայում: Իրանը սպառնում է հակառակ դեպքում կտրել Նախիջևանի հետ ցամաքային կապը:

Այսինքն, Ադրբեջանը թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ վիզային ռեժիմը պետք է վերացնի միաժամանակ: Բայց, ներկայումս Ադրբեջանի կառավարությունը պատրաստ չէ դրան, քանի որ Իրանի նման մեծ երկրի հետ հարաբերություններում առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս