«Եթե տեսնենք, որ սկսում են քաղաքական գործարքներ, կտրուկ կփոխենք մեր դիրքորոշումը». Տիգրան Խզմալյան

«Բռնապետի հետ բանակցության պետք է գնալ միայն մի հարցի շուրջ: Երբ 1945թ. գերմանացիներն առաջարկում էին բանակցություններ, Կարմիր  բանակի հրամանատարներն ասում էին, որ բանակցությունները կարող են ունենալ  միայն մեկ օրակարգ՝ կապիտուլյացիա: Նույնը կարելի է կրկնել այսօր, մնացածը գործարք է»,- 168.am-ին ասաց  կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև քիչ առաջ տեղի ունեցած հանդիպումը նախագահական նստավայրում:

Հիշեցնենք, որ Տիգրան Խզմալյանը  «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ է, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ ժողովուրդն  այսօր համախմբվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ և այնքան ժամանակ, որքան նա կառաջնորդի այդ ընդվզումը, կկատարի այդ առաքելությունը, «Սարդարապատը» և «Նախախորհրդարանը» նրա կողքին կլինեն: «Եթե տեսնենք, որ սկսում են քաղաքական գործարքներ, կտրուկ կփոխենք մեր դիրքորոշումը: Մենք ընդգծում ենք, որ մենք ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին ենք սատարում, այլ ժողովրդի քվեներին, ըմբոստությանը: Ես չեմ ուզում հիմա որևէ գնահատական տալ,  որովհետև չգիտեմ, թե Րաֆֆին ինչ է ասելու, բայց նախնական մեր գնահատականն այսպիսին է՝ որևէ գործարք, որևէ համագործակցություն կեղեքիչ ռեժիմի հետ հնարավոր չէ»,- նշեց Տիգրան Խզմալյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել այն փաստը, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ չցանկացավ շփվել լրագրողների ներկայությամբ: «Անկեղծ ասած, ինքս զարմացած եմ: Նման դեպքերում ամեն ինչ պետք է լինի բաց, և՛ հաղթանակը, և՛ պարտությունը պետք է հրապարակային լինեն»,- նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն սպասող ժողովրդին պատասխան խոստացավ  տալ վաղը, Տիգրան Խզմալյանն ասաց, որ երկու կողմներն էլ ունեն ժամանակի խնդիր. այն կողմը, որը ներկայացնում է Սերժ Սարգսյանի համակարգը, փորձում է ժամանակ շահել, քանի որ ժամանակն իրենց օգտին է աշխատում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը, այսինքն՝ կեղեքված ժողովուրդը, պետք է այդ հարցերը լուծի օր առաջ: «Մենք չպետք է թույլ տանք, որ նման խնդիրները լուծեն այլ երկրները, դեսպանատները կամ հատուկ ծառայությունները: Կարծում եմ, որ ժամկետը, որ տրված է, շատ կարճ է, և ամեն մի ժամը, էլ չեմ ասում՝ ամեն մի օրը մեծագույն կորուստ է: Կարծում եմ, որ Րաֆֆին դա լավ է հասկանում, իսկ եթե՝ ոչ, ուրեմն նա կատարում է այն սխալը, որը ժամանակին կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանը»,- շեշտեց Տիգրան Խզմալյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս