Ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը չցանկացավ զրուցել լրագրողների ներկայությամբ
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման` ասաց. «Սերժ Սարգսյանը չընդունեց իրեն հարմար և ոչ մի տարբերակ, քանի որ նա չեկավ։ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն ընդունեց այն հրավերը, որը Սերժ Սարգսյանն արել էր, և ժողովրդի հետ միասին բարձրացավ նախագահական նստավայր»: Հարցին, թե Սերժ Սարգսյանը վախեցա՞վ գալ Ազատության հրապարակ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք, ես վախ չափող չեմ և չեմ կարող ասել: Միգուցե ասեմ՝ խուսափում էր, չի նախընտրում: Ես չգիտեմ` ով ինչից էր վախենում, բայց իշխանությունը սեփական ժողովրդից վախենալու հիմքեր կարծես թե չպետք է ունենա»: Իսկ հաջորդ հարցին՝ ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը չցանկացավ զրուցել լրագրողների ներկայությամբ, «Ժառանգության» վարչության քարտուղարը պատասխանեց. «Լրագրողներն ու ժողովուրդը նույնը չեն: Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եղել խոսել ժողովրդի առջև, ժողովրդի ներկայությամբ: Ր. Հովհաննիսյանի պատկերացրած ձևաչափը դա էր: Իսկ նախագահական նստավայրում լրագրողների ներկայությամբ չխոսելը ինքը կբացատրի, թե ինչո՞ւ է ինքը նախընտրել այդ ձևաչափը »: Արդյո՞ք դա ենթադրում է, որ զրույցը գաղտնի էր, պայմանավորվածություններ էին լինելու։ Այս հարցին ի պատասխան Ս. Սաֆարյանն ասաց. «Ոչ, դա հրապարակավ արված առաջարկ էր այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակով ինքը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ցանկացած ժամին նախագահական նստավայրում, և քանի որ տեղի չունեցավ Ազատության հրապարակի հանդիպումը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ գնաց այնտեղ: Այդտեղ որևէ արտառոց բան չկա»: