
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Թբիլիսիում նոր նստավայրի կառուցումից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Թբիլիսիում նոր նստավայրի կառուցումից: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է կառավարական գրասենյակի ղեկավար Մայա Ծկիթիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության որոշմամբ դադարեցվել են ԱՄՆ դեսպանատան շրջանում տարվող շինարարական աշխատանքները: Նա ընդգծել է, որ կառավարությունը մնալու է Պետական գրասենյակի հին շենքում, քանի որ վարչապետն աշխատում է այնտեղ և անհրաժեշտություն չի տեսնում փոխադրվելու համար նոր նստավայր.
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդպիսի հաճույք, առավել ևս, որ տնօրինվել է 26 միլիոն լարիից 16 միլիոնը, իսկ շինությունը չկա»: Նշվում է, որ այդ շինությանն առնչվող փաստաթղթերը տրվել են իրավապահ մարմիններին, քանի որ կասկածներ կան, որ այնտեղ մեծ վատնումներ են կատարվել: Դրանց վրա նշված է «գաղտնի»: