Ստամբուլում վերսկսվել է «Մավի Մարմարայի» գործով իսրայելցի զինվորականների դեմ դատական գործընթացը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանում մեկնարկել է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի գործով 4-րդ դատալսումը:

Հիշեցնենք, որ այդ օրն իսրայելցի հատուկջոկատայինները Գազա ուղևորվող «Ազատության նավատորմի» կազմում գտնվող թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին Թուրքիայի 9 քաղաքացիների և վիրավորել ավելի քան 50-ին: Դատական գործընթացին ներկա են գտնվելու աշխարհի 37 երկրների շուրջ 450 ներկայացուցիչներ, այդ թվում` «Ազատության նավատորմի» ուղևորները, զոհվածների հարազատները, փաստաբաններ:

Հեռակա ամբաստանյալների կարգավիճակում են լինելու «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին, Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոնը, Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզության պատասխանատու Ավիշայ Լևին և Իսրայելի հետախուզության նախարար Ամոս Յադինը: Թուրքական դատախազությունը պահանջում է նրանց ազատազրկել 18.000 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպի գործով դատալսումները Թուրքիայում մեկնարկել են 2012 թվականի նոյեմբերի 6-ին: Ի դեպ, այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս