
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները:
Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21.30-ին, թիրախում են եղել Ղանդիլ լեռան շրջակայքում եղած ճամբարները: Անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հետախուզական տվյալներ ստանալուց հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի 8 կործանիչ դուրս են եկել Դիարբեքիրում գտնվող իրենց բազայից և մեկնել են Հյուսիսային Իրաք:
Ընդհանուր առմամբ, F-16 կործանիչները 2 ժամվա ընթացքում հարվածել են շուրջ 12 թիրախի, այդ թվում նաև բունկերների ու զենիթային մարտկոցների: Դրանից հետո կործանիչներն անվտանգ վերադարձել են Դիարբեքիրի իրենց բազ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները PKK-ի զինաթափման շուրջ բանակցում են նրա հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում: