Reuters-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասին

Սերժ Սարգսյանի մրցակից, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները երեկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝  Ազատության հրապարակում: Ըստ ցուցարարների՝ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, չհաշված քվեաթերթիկներ:

Նրանք Ազատության հրապարակում հավաքվել էին՝ դատապարտելու նման երևույթները:  Այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ցուցարարները մոտ 5000-ն են եղել:  Ըստ Reuters-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները նշել են, որ շարունակելու են իրենց բողոքն այնքան ժամանակ, քանի դեռ Սարգսյանը հրաժարական չի տվել: Հանրահավաքի մասնակիցները, սակայն, 3 ժամ անց ցրվել են. բռնության դեպքեր չեն եղել: Որոշ ցուցարարներ հայտարարել են, որ հինգշաբթի օրը կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում:

Reuters-ը նաև գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հստակեցրել՝ արդյոք պաշտոնապես կբողոքարկի՞ երկուշաբթի օրը կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 58,6 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մոտ 37 տոկոսը:

Միջազգային դիտորդները 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ՝ այս անգամ առաջխաղացում են նկատել, սակայն նշել են, որ ընտրություններին իրական մրցակցություն չի եղել: Reuters-ի փոխանցմամբ՝ այլ պետություններն ու ներդրողներն անհանգստանում են 3.2 մլն բնակչություն ունեցող երկրում բռնության ցանկացած դեպքով, քանի որ երկիրը գտնվում է անկայուն տարածաշրջանում, որով Կասպից ծովի նավթն ու բնական գազը հասցվում է Եվրոպա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս