ԵԱՀԿ Մինսկի խումբը պասսիվ է գործում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պասսիվ է այ հարցում, քանի որ տարածաշրջանում չկան ռազմական բաց բախումներ: Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց միջև խորհրդակցություններով փորձում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքիան ու Ադրբեջանը չեն պատրաստվում հանձնվել Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ փորձելով աշխարհին բացատրել, որ ռազմական գործողությունների բացակայությունը չի երաշխավորում խաղաղություն ու անվտանգություն, քանի որ շարունակ գրանցվող միջադեպերի հետևանքով կորուստներ են կրում և՛ ադրբեջանական, և՛ հայկական բանակները:
Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես աջակցել և շարունակում է աջակցել Ադրբեջանին, ինչը հանդիսանում է երկու երկրների սերտ հարաբերությունների արդյունք»: