Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ մենք սպանել ենք 4700 մարդու. ամերիկացի սենատոր
News.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն աղմկահարույց հայտարարություն է արել Հարավային Կարոլինա նահանգի Իսլի ոչ մեծ քաղաքի ակումբում ելույթ ունենալիս: Պաշտպանելով Մերձավոր Արևելքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ ահաբեկիչների դեմ պայքարի մեթոդը՝ սենատորը տվյալներ է ներկայացրել այդպիսի հարվածներից զոհվածների մասին:
Ուշագրավ է, որ պաշտոնական մակարդակով երբևէ վիճակագրական տվյալներ չէր ներկայացվել ութ տարի շարունակ կիրառվող ԱԹՍ-երի հարձակումների զոհերի մասին: Սենատորը հայտարարել է. «Մենք սպանել ենք 4700 մարդու: Երբեմն հարված տակ են ընկնում անմեղ մարդիկ, ես դա ատում եմ, սակայն դա պատերազմ է, և մենք ոչնչացրել ենք «Ալ Քաիդայի» շատ նշանակալից մի շարք ներկայացուցիչների:
ԱԹՍ-ն այն զենքն է, որը պետք է օգտագործել. եթե մենք զորքեր չունենք Պակիստանում ու Աֆղանստանում, մենք չենք կարող վերահսկել այնտեղ զինյալների տեղաշարժը: Ես համակարծիք չեմ Կոնգրեսի հետ այն հարցում, թե անհրաժեշտ է համաձայնեցնել ԱԹՍ-երի օգնությամբ կոնկրետ թիրախներին հարվածելը: Ես առաջարկում եմ ԱԹՍ-երը օգտագործել նաև ԱՄՆ-ի սահմաններն ապօրինի ներգաղթյալներից պաշտպանելու նպատակով»:
Լրագրողական հետաքննության տվյալներով՝ 2004 թվականից ԱԹՍ-երի հասցրած հարվածների հետևանքով Պակիստանում զոհվել է 2600-3400 մարդ, որոնցից 470-900-ը՝ քաղաքացիական անձինք են: