Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականների քանակը հասնում է մոտ 300.000-ի

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականների քանակը մոտենում է 300.000-ի: Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման ու վերացման վարչության (AFAD) ղեկավար Ֆուաթ Օքթայը:

Վերջինիս խոսքերով՝ ավելի քան 181.000 փախստական բնակվում է Թուրքիայի կառավարության կողմից սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներում: Բացի այդ, ավելի քան 100.000 փախստական բնակվում է Թուրքիայի սահմանային նահանգներում՝ ճամբարներից դուրս:

Թուրքական պետությունը թե՛ ճամբարներում, թե՛ ճամբարներից դուրս բնակվող սիրիացի փախստականների վրա ծախսել է 687.4 միլիոն լիրա (մեկ դոլարը հավասար է 1.77 թուրքական լիրա): Փախստականների ամենամեծ քանակը գտնվում է Շանլըուրֆա նահանգում՝ 83.000 մադ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի փախստականների քանակը կազմում է ավելի քան 700.000 մարդ: Նրանցից 219.000-ը գտնվում է Հորդանանում, 226.000-ը՝ Լիբանանում, 77.500-ը՝ Իրաքում, մոտ 14.000-ը՝ Եգիպտոսում: Զոհվածների քանակը կազմում է ավելի քան 70.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս