Բաժիններ՝

Արամ Սարգսյան. «Ճիշտը հրապարակում լինելն է». մամուլ

Երեկ Ազատության հրապարակում իր թիմի հետ շրջում էր էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, թեև վերջինս հարթակ չբարձրացավ և ելույթ չունեցավ: «Ժամանակը» մի քանի հարց ուղղեց նրան,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում հարցազրույցը.

-Պարոն Սարգսյան, եկել եք միանալու Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա բողոքի շարժմա՞նը:

-Պատգամավորական մանդատը երբ որ վայր դրեցի, ասացի, որ ԱԺ-ի փոխարեն գերադասում եմ լինել հրապարակում` ժողովրդի հետ: Ժողովուրդն էստեղ է, ես ժողովրդի հետ եմ: Համ էլ` էս իմ հրապարակն է:

-Ասել է թե` իրականում Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է հյուր եկել հրապարակ:

-Չէ, բացարձակ նման բան չեմ կարծում: Ես կարծում եմ, որ այսօր, որ նաև ղարաբաղյան շարժման 25 ամյակն է, ժողովուրդն այս հավաքով ապացուցում է, որ 25 տարի շարունակ ինքը չի դադարել պայքարելուց, պայքարել է ֆիզիկական անվտանգության համար, անկախության համար, այսօր էլ պայքարում է իր իրավունքների համար, և էդ պայքարում ես միշտ ժողովրդի կողքին եմ:

-Կոնկրետ Դուք, որպես կուսակցության նախագահ, ինչո՞վ կարող եք աջակցել այս շարժմանը, և ինչո՞վ եք աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Ես նորից եմ ասում՝ մեր կուսակցությունն էնտեղ է, որտեղ որ ժողովուրդն է: Եթե երկրում անարդարություն է, եթե երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացահայտ խախտումներով են, մենք ընդդիմություն ենք, մենք պիտի բողոքենք, դրա համար մենք պիտի լինենք ժողովրդի հետ:

-Կոնկրետ Արարատի մարզում արձանագրվել են ամենաշատ խախտումները, և իշխանական թեկնածուն ամենաշատ ձայներն է ստացել: Ձեր կուսակցությունն ի՞նչ է արել ձեր մարզում ընտրությունների օրը:

-Մեր կուսակցությունը խորհրդարանական կուսակցություն չի և տեղերում չունի հանձնաժողովների անդամներ, որոնցով պիտի կանգնեցներ խախտումները: Երկրորդ` մեր կուսակցությունն իր համագումարում հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցում, և մենք ասել ենք, որ նաև քարոզչություն չենք անելու այս կամ այն թեկնածուի օգտին: Իհարկե, մենք հետևել ենք քաղաքական գործընթացներին: Ես գնացել եմ և ընտրություն եմ կատարել, իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ:

-Ո՞ւմ եք ընտրել:

-Չեմ կարծում` հարցը կոռեկտ է, բայց թաքցնելու բան էլ չունեմ` Հրանտ Բագրատյանին:

-Սակայն, փաստորեն, այսօր այստեղ եք:

-Դա ի՞նչ կապ ունի: Ժողովուրդն էստեղ է, ես էստեղ եմ: Ժողովուրդը գտնում է, որ իր իրավունքները ոտնահարված են, ես էլ էս ժողովրդի հետ գտնում եմ, որ էդ իրավունքները ոտնահարված են: Ինչ վերաբերում է անելիքներին, անելիքների մասով պիտի առաջարկություններ անի այն մարդը, որն այսօր ժողովրդի քվեն է ստացել: Եթե ես ստացած լինեի այդ քվեն, ես կասեի` ինչ եմ անելու, հետն էլ կանեի էդ քայլերը: Բայց ես կոռեկտ չեմ համարում այսօր ասել, թե ինչ պիտի անեն հարթակում կանգնած մարդիկ, ինչ կարգի խախտումներ են եղել, և ով է ավելի շատ քվե վերցրել: Այս կարգի բաները պիտի ասեն այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքական գործընթացներում, մասնակցել են իրենց թեկնածությամբ և միայն իրենց հայտարարություններից հետո է, որ մենք` այն ուժերը, որոնք չեն մասնակցել այս գործընթացներում, կարող ենք տեսակետ ասել, և դա է ճիշտը:

-Պարոն Սարգսյան, Դուք այս հրապարակում էիք 2008 թվականին և կոչերով առաջնորդում էիք ժողովրդին: Ձեր կարծիքով` այս անգամ ինչ-որ բան կհաջողվի՞ փոխել:

-Ես 1988 թվականից` ղարաբաղյան շարժման սկսված օրվանից էս հրապարակում եմ եղել և դրա համար է, որ ասում եմ` էս հրապարակն իմ հրապարակն է: Ես չգիտեմ որևէ մեկին, որ ինձնից շատ էս հրապարակում միտինգներ արած լինի: Ես միտինգներ արել եմ բոլորի հետ: 2000 թ-ից սկսած՝ Ստեփան Դեմիրճյանի հետ, հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նույն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դրոշը բռնելու գործընթացում միայն մեր կուսակցությունն է իր հետ կանգնած եղել։ Այն ժամանակ ինքը կուսակցություն էլ չուներ: Բոլոր գործընթացներին ներկա եմ եղել: Էս ժողովուրդը չի հուսահատվել: Պայքարի ոգին չի կոտրվել, և պիտի պայքարի: Իսկ ինչ վերաբերում է` ինչ ճանապարհներով, ճիշտ ու կոռեկտ չի, որ ես ասեմ քայլեր:

-Ձեր կարծիքով` մյուս ուժերը և՞ս պիտի միանան այս բողոքին, օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս պիտի գա ու միանա Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Ես էստեղ իմ քաղխորհրդի անդամների, քաղաքական թիմի հետ, բայց այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի և ես ինձ իրավունք չեմ վերապահում այլ ուժերի ասել` մասնակցեք կամ մի մասնակցեք: Ես ինքս գտնում եմ, որ ճիշտը հրապարակում լինելն է, ճիշտը մասնակցելն է` անկախ իմ ունեցած քաղաքական հայացքների տարբերությունից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ես էստեղ եմ, որովհետև տեսնում եմ, որ ժողովուրդը քվե է տվել, իր քվեն արհամարհվել է, և ինքն իր իրավունքների համար պիտի պայքարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս