Հրանտ Բագրատյան. «Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ»
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով ՀՀ նախագահի ընտրություններում ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների ստացել է ընտրողների քվեների 2.15 տոկոսը, այս գիշեր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելելուց հետո իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որում Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։
Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։
Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։
Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»,- գրել է Հրանտ Բագրատյանը։