ԵԺԿ նախագահը նույնպես շնորհավորել է Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Նախագահ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և լիահույս եմ, որ անձամբ կշնորհավորեմ նրան մարտի 14-ին կայանալիք ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովի ժամանակ: Նաև ուրախ եմ, որ դրանք Հայաստանում երբևէ կազմակերպված լավագույն ընտրություններն էին և մեծապես համապատասխանում էին միջազգային չափանիշներին, ինչպես դա հաստատեցին միջազգային դիտորդական առաքելությունները (ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ, Եվրախորհրդարան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ): Վստահ եմ, որ երկրում ժողովրդավարացման գործընթացը կշարունակի ամրապնդվել Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ:
Այս հաղթանակը վկայում է, որ քաղաքացիներն ակնհայտորեն աջակցում են Նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումներին ժողովրդավարական, տնտեսական և իրավական բնագավառներում և քաջալերում դրանց շարունակականությունը: Ավելին, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բարեհաջող բանակցությունների լույսի ներքո Հայաստանն այժմ օրինակելի է դարձել Արևելյան գործընկերության այլ երկրների համար: ԵԺԿ-ն մեծապես աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն, քանի որ Հայաստանը և Եվրոպան ունեն ընդհանուր ժառանգություն, ընդհանուր արժեքներ և վստահաբար կունենան ընդհանուր ապագա»:
ՀՀ նախագահի գրասենյակ