Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից:
Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական և հասարակական կայունությունը, տնտեսությունն անընդհատ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակը օրեցօր բարձրանում է, արտաքին կապերն անշեղորեն ընդլայնվում են, մեծ հաջողությունների եք հասել երկրի զարգացման գործում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 21 տարիների ընթացքում, հայ-չինական հարաբերությունները շատ լավ և կայուն զարգանում են: Կողմերի միջև անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, ընդլայնվում է փոխշահավետ համագործակցությունը, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում: Չինաստանը և Հայաստանը լավ բարեկամ և գործընկեր պետություններ են: Չինական կողմը հարգում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ճանապարհը՝ համապատասխան իր երկրի առանձնահատկություններին, կարևոր նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին, պատրաստ է հայկական կողմի հետ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:
Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ երջանկություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Հանրապետության նախագահին մաղթելով հաջողություններ գործունեության մեջ: «Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամական և գործընկերային հարաբերությունները, համագործակցության և վստահության բարձր մակարդակը էլ ավելի կխորանա հանուն մեր երկրների և ժողովուրդների առաջընթացի ու բարեկեցության»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին վրաց ժողովրդի, Վրաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Ցանկանում եմ, որ ձեր հաջողակ գործունեությունն ավելի բեղմնավոր լինի Հայաստանի հզոր և ժողովրդավարական պետության կառուցման գործում:
Համոզված եմ, որ մեր երկու սուվերեն պետությունների միջև փոխադարձ հարգանքի, հավասարության և բարեկամության սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և փոխաջակցությունը ապագայում ևս կշարունակվեն` ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների»,-ասել է Վրաստանի վարչապետը:
ՀՀ նախագահին վերընտրվելու առիթով շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերընտրվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունով շարունակվում են շնորհավորանքներ ստացվել:
ՀՀ նախագահի գրասենյակ