Էգեմեն Բաղըշը մեկնել է Ֆրանսիա
TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կարևոր այցով մեկնել է Ֆրանսիա:
Նշվում է, որ տվյալ այցը մեծ կարևորություն է ներկայացնում ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացի տեսանկյունից: Էգեմեն Բաղըշը մի շարք հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայում, այդ թվում նաև իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Կազնի հետ:
Բաղըշի ֆրանսիական այցի ծրագրում ներառված են նաև Եվրոպայի գործերի ու դիվանագիտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի խորհրդականների հետ բանակցելը: Բաղըշը հանդիպելու է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ: Այս հանդիպումը հատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում Ֆրանսիայում ձերբակալվել էին PKK-ի մի շարք անդամներ:
Հիշեցնենք, որ Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն և 5 պատգամավոր փետրվարի 6-ին «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող» նոր օրինագիծ են ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողով: Այդ օրինագծի մշակմանը մասնակցել է նաև փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը:
Օրինագիծը հենված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանությունների ու ռազմական հանցագործությունների հերքումը քրեականացնող» հոդվածի վրա: Նոր օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության եղելությունը հերքողներին Ֆրանսիայում պատժել 2 տարվա ազատազրկմամբ կամ տուգանել 45.000 եվրոյով: