«Ժողովուրդը գնաց և վճռականորեն «ոչ» ասաց». Կարապետ Ռուբինյան

Երեկ Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած մամլո ասուլիսին, իսկ, փաստացի` հանրահավաքին, ի թիվս մի քանի հայտնի քաղաքական գործիչների, ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ում հետ զրուցեց 168.am-ը:

 

– Պարոն Ռուբինյան, ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները:

– Արդյունքները կապված են ընթացքի հետ, իսկ ընթացքի վերաբերյալ էլ, որքան ես կարողացել եմ հետևել և հասկանալ, հաստատ է երկու բան` վարչական ռեսուրսն անխնա ձևով օգտագործվել է, փող բաժանվել է: Դրանք այնքան ակնհայտ բաներ են, որ արդեն դրանց հիման վրա կարող եմ ասել, որ ընտրություններն ազատ և արդար չեն եղել, ուստի Սերժ Սարգսյանը հերթական անգամ փորձում է բռնազավթել իշխանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին մրցակից լինելը նույնպես ակնհայտ էր, դա երևաց արդեն քարոզարշավի սկզբում: Մի փոքր անսպասելի էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աննախադեպ մեծ քանակով ձայներ, այսինքն` աննախադեպ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից: Երևի, այնուամենայնիվ, թերագնահատել էինք մեր ժողովրդի որակները: Հիմա ինքն էլ, մենք էլ միասին պետք է մտածենք, թե ինչպե՞ս կարելի է այդ ռեսուրսն օգտագործել՝ բռնապետից ազատվելու համար:

Կարդացեք նաև

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճը, այսինքն, նա մի կողմից անընդհատ նշում է, որ գնահատում է «Սերժ Սարգսյանի ավանդը պետականաշինության գործում», բայց, մյուս կողմից էլ՝ նա պահանջում է գործող նախագահի հրաժարականը: Արդյոք տեսնո՞ւմ եք արմատականություն նրա հայտարարություններում, և որքանո՞վ եք իրատեսական համարում իր այդ պահանջը:

– Իր իրավունքն է՝ գնահատել-չգնահատելը: Գուցե նա 3 է գնահատում, իսկ ես՝ 2, խնդիրը դա չէ: Կարևոր է, որ նա վճռական է տրամադրված պաշտպանելու ժողովրդի քվեն: Բայց նա միայնակ ոչինչ չի կարող անել. շատ ավելի մեծ նշանակություն ունի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը և վճռականությունը: Իսկ մենք տեսանք, որ ժողովուրդը, չնայած աննախադեպ ճնշումներին և ստեղծված անկումային ֆոնին, գնաց և վճռականորեն «ոչ» ասաց Սերժ Սարգսյանին:

– Պարոն Ռուբինյան, սա առաջին դեպքը չէ, և մենք դեռ նախորդ նախագահական ընտրություններից ունենք այն փորձը, երբ թե՛ 1996 թ., թե՛ 2003 թ., թե՛ 2008 թ. ընտրություններում, եթե, իհարկե, համաձայնվենք այն տեսակետի հետ, որ այդ ընտրությունները կեղծվել են, ժողովուրդն, ըստ էության, դեմ է քվեարկել իշխանությանը, և այդ բոլոր ընտրությունների ավարտը մեզ նույնպես ծանոթ է:  Այսօր ո՞րը պիտի լինի ելքը` նման ավարտից խուսափելու համար, և ինչպիսի՞  սցենարներ կարող ենք մենք սպասել:

– Առաջին հայացքից՝ թվում է, որ եթե պայքարի նույն մեթոդները կիրառվեն, ապա պարտադիր նույն արդյունքին կհանգենք: Կարծում եմ՝ դա միանշանակ չէ: Ժամանակներ են փոխվել, հանգամանքներ, մարդիկ, մտածողություն: Խաղաղ, ոչ բռնի պայքարի բոլոր մեթոդներն էլ կիրառելի են, բայց, անշուշտ, պետք է նոր քայլեր մտածվեն, նոր ռեսուրսներ ներգրավվեն: Լավ չէր լսվում Րաֆֆիի երեկվա խոսքը, բայց կարծես խոսեց ազգային համախմբման մասին, կարելի է այդ ուղղությամբ էլ նոր քայլեր ձեռնարկել, համագործակցության եզրեր գտնել քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, կուսակցությունների հետ:

– Այսօր արդեն հնչում են կոչեր այս կամ այն ընդդիմադիր առաջնորդին՝ միանալու Րաֆֆի Հովհաննիսյանին (Հասկանալի է, որ խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին): Որքանո՞վ եք սա հավանական համարում:

– Կոնգրեսի ակտիվիստներից, համատեղ պայքարի իմ հին ընկերներից շատերին Ազատության հրապարակում տեսա: Կասկած չունեմ, որ նրանք, ովքեր, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մինչ այս էլ պայքարում էին հանուն գաղափարի, իսկ նրանք Կոնգրեսի ճնշող մեծամասնությունն էին, կշարունակեն քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքարը՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն:

– Անդրադառնանք մեկ այլ շրջանառվող տեսակետի. քիչ չեն այն գործիչները, հատկապես՝ ընդդիմադիր, ովքեր համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես ստեղծեց  ուժեղ մրցակցի ֆոն Սերժ Սարգսյանի համար, ընտրողներին բերեց ընտրատեղամաս, ինչն այնքան անհրաժեշտ էր իշխանություններին, և նպաստեց իշխանության լեգիտիմացմանը: Ինչպիսի՞ քայլեր պետք է այսօր կատարի Րաֆֆի Հովհաննիսյանը` նման բնորոշումներից խուսափելու համար:

– Այդ բնորոշումներն անհեթեթ են, դրանցից խուսափելու համար հատուկ բան ձեռնարկելու կարիք չկա: Պայքարը, որը վերսկսվելու է նոր ուժով, ամեն ինչ իր տեղը կդնի, այդ թվում՝ նաև մասնագիտացած ջուր պղտորողներին:

Տեսանյութեր

Լրահոս