Սիրիական բանակն ապստամբներին դուրս է մղել Հալեպի օդանավակայանից
Ամերիկյան Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերը հայտարարել են Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի վրա իրենց ամբողջական վերահսկողության հաստատման մասին:
Ընդ որում, իշխանությունները խոստովանում են, որ զինվորներն ու սպաները քաջաբար պահում են պաշտպանությունը՝ զինյալների ինտենսիվ հարձակումներից հետո և ամեն գնով թույլ չեն տալու օդանավակայանի հանձնումը հակառակորդին:
Փետրվարի 19-ին սիրիացի ապստամբները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է ոչ երկար ժամանակով գրավել օդանավակայանի գլխավոր պահեստի շենքը, սակայն ավելի ուշ նրանք այդտեղից դուրս են մղվել բանակային ստորաբաժանումների կողմից:
Հալեպի օդանավակայանը հանդիսանում է Հալեպի մերձակայքում գործող կառավարական զորքերի գլխավոր հենակետերից մեկը: Հենց նրանով են քաղաք փոխադրվում համալրումներ և իրականացվում զորքերին ամեն անհրաժեշտ բաներով մատակարարումը:
Հալեպի համար մղվող ճակատամարտը շարունակվում է 2012 թվականի ամռանից, և այդ ժամանակվանից ի վեր՝ կողմերից ոչ մեկին չի հաջողվում զգալի հաջողության հասնել: Սիրիայում շուրջ 2 տարի շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ: