
Ադրբեջանին խայտառակած նախկին պատգամավորին վերագրում են հայկական ծագում

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Բաքվի մետրոպոլիտենի պետ Թագի Ահմեդովը հայտարարել է, որ երկրի ղեկավարության կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց թվում կան այնպիսինները, որոնք ազգակցական կապեր ունեն հայերի հետ:
Ահմեդովը որպես «դրա ապացույց» մատնանշել է Ադրբեջանում խոշոր սկանդալի (2005 թվականին 1 միլիոն դոլարով պատգամավորական աթոռ վաճառելու փորձ) կիզակետում հայտնված Գյուլյար Ահմեդովային, ով արդեն իսկ սկանդալի պատճառով հրաժարվել է պատգամավորությունից, և որի դեմ հարուցվել են քրեական գործեր՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետով (վստահության չարաշահման միջոցով խոշոր չափի այլոց ունեցվածքի յուրացում) և 307-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանր հանցագործության քողարկում):
Ըստ Մամեդովի՝ Ահմեդովայի տատիկը հայուհի է: Նշվում է, որ նախնական երկամսյա կալանքի տակ գտնվող Ահմեդովայի առողջական վիճակն այսօր կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Պատգամավոր Ֆազաիլ Աղամալըն իր հերթին հայտարարել է, որ Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության փոխնախարար Իլգար Ռահիմովի մայրը հայ է: Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ռահիմովի մոր հուղարկավորությունը կազմակերպվել է ոչ թե մուսուլմանական, այլ՝ քրիստոնական ավանդույթներով և նրա հուղարկավորության ժամանակ հնչել է կլարնետ:
Նա ընդգծել է, որ աջակցում է Թագի Ահմեդովին, և որ երկրի ռազմավարական պաշտոնները պետք է զբաղեցնեն «զտարյուն ադրբեջանցիները»:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին ադրբեջանական մամուլը գրեց, որ Ադրբեջանում հրապարակելու են հայերի հետ ազգակցական կապեր ունեցող պատգամավորների անունները:
Նշվում էր, որ այդ անձանց ցուցակը հրապարակելու է քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը: Ցուցակում, պատգամավորներից բացի, տեղ են գտել նաև մի շարք բարձրաստիճան չինովնիկներ: Իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ այդ ցուցակում ներառվել են 10 պատգամավորների անուններ: